ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

«Բարսելոնի» ու ՊՍԺ-ի խոշոր հայտը

«Բարսելոնի» ու ՊՍԺ-ի  խոշոր հայտը
12.05.2015 | 10:18

Կայացան Եվրոպայի առաջատար հնգյակը կազմած երկրների ներքին առաջնությունների հերթական հանդիպումները: Քթի տակ Չեմպիոնների լիգայի պատասխան խաղ ունեցող «Բարսելոնը» կարևոր հաղթանակ տոնեց, նույն այդ հեղինակավոր մրցաշարում պայքարը շարունակող Մադրիդի «Ռեալն» ու «Յուվենտուսը» խաղացին ոչ-ոքի, իսկ «Բավարիան» պարտվեց: Եթե մրցաշարային առումով վերջինիս պարտությունն ու «Յուվեի» ոչ-ոքին արժեք չունեցող բան էին (երկուսն էլ վաղօրոք են նվաճել չեմպիոնությունը), ապա «Բարսելոնի» ու «Ռեալի» պարագայում իրավիճակը միանգամայն այլ էր:

ԻՍՊԱՆԻԱ
36-րդ տուրը գործնականում տվեց պատասխանն այն հարցի, թե ով է լինելու ընթացիկ մրցաշրջանի երկրի թիվ մեկ թիմը: «Բարսելոնը» սեփական հարկի տակ պարտության մատնեց «Ռեալ Սոսիեդադին» (2:0), իսկ «Ռեալը» վրիպեց «Վալենսիայի» հետ խաղում` տիրանալով ընդամենը մեկ միավորի (2:2): Նշենք, որ ոչ-ոքին էլ հեշտությամբ չտրվեց արքայականին, որը երրորդ տեղում հայտնվելու հավակնություն ունեցող հյուրերին ընթացքում պարտվում էր երկու գնդակի տարբերությամբ:
Ինչևէ, տուրի հանդիպումների արդյունքով իրողությունը հետևյալն է. «Ռեալը» կատալոնցիներից հետ է մնում արդեն չորս միավորով, իսկ առաջնության ավարտին մնացել է ընդամենը երկու հանդիպում: Իհարկե, դրանցից մեկում «Բարսելոնը» լուրջ մրցակից ունի` ի դեմս «Աթլետիկոյի» (խաղը կայանալու է Մադրիդում), սակայն անգամ հնարավոր վրիպումը չի կարող վնաս հասցնել նրա չեմպիոնական հավակնություններին, իսկ հուսալ, թե կատալոնցիները տանուլ կտան նաև հաջորդ հանդիպումը, անհավանականության ոլորտից է, էլ չենք ասում, որ հենց «Աթլետիկոյի» հետ խաղում էլ «Մեսի և ընկերություն» «գործակալությունը» կարող է բոլոր հարցականները հանել օրակարգից:
«Լևանտե»-«Աթլետիկո» մրցակցությունում արձանագրվեց մարտական ոչ-ոքի` 2:2 արդյունքը (մադրիդցիներին պարտությունից փրկել է փոխարինման ելած Տորեսի գոլը) և չորս միավորով «Վալենսիային» գերազանցող երկրի գործող չեմպիոնները դժվար թե երրորդ տեղը ձեռքից բաց թողնեն:

ՖՐԱՆՍԻԱ
Այն բանից հետո, երբ «Պարի Սեն Ժերմենը» սեփական հարկի տակ 6:0 խոշոր հաշվով պարտության մատնեց «Գենգամին», իսկ Կաննում «Լիոնը» պարտություն կրեց տեղի համանուն թիմից (3:0), կարելի է ասել, որ դիվիզիոնում չեմպիոնության համար ինտրիգը վերջնականապես մարեց, քանի որ 71 միավոր ունեցող հարավցիները միայն զուտ տեսականորեն կարող են հասնել գործող չեմպիոնին (3:0), իսկ առաջնության ավարտին մնացել է ընդամենը երկու տուր:
Փոխարենը ինտրիգը պահպանվում էր մի վարկածով` երկրորդ, մեկ այլ վարկածով` երկրորդ ու երրորդ տեղերի համար պայքարում, ու դրանում առանցքային դեր էր վերապահված «Մարսել»-«Մոնակո» դիմակայությանը: Առաջին խաղակեսի առաջին րոպեին «Մոնակոյի» խփած գնդակը չար կատակ խաղաց նրա իսկ գլխին: Փորձելով լավագույն դեպքում հասնել հաղթական արդյունքի, ոչ պակաս շահեկանի դեպքում` հնարավոր ոչ-ոքիի, մոնեգասկները խաղավերջի 11 րոպեներին բաց թողեցին երկու գնդակ ու, բնականաբար, պարտություն կրեցին: Արդյունքում` գործնականում մարեց երկրորդ տեղի համար պայքարի ինտրիգը, փոխարենը հարցականի տակ է մնում երրորդ տեղը, որին հավակնում են նույն «Մոնակոն» ու «Մարսելը»: Նրանք համապատասխանաբար ունեն 65 և 63 միավոր:

ԻՏԱԼԻԱ
«Յուվենտուսի» ոչ-ոքիի մասին վերն արդեն ակնարկել ենք, ուստի չծավալվենք` միայն նշելով խաղի 1:1 հաշիվն ու մրցակցի ով լինելը: Թուրինից միավոր տարած թիմը Ա սերիայում մնալու համար հուսահատ պայքար մղող «Կալյարին» էր, որին այդ ոչ-ոքին էլ, ամենայն հավանականությամբ, ոչինչ չի տա:
Դարավոր ատելությունը գործեց «Միլան»-«Ռոմա» մրցակցությունում: Իտալական «գայլերին» այնքան անհրաժեշտ միավորները միլանցիները պահեցին իրենց (2:1)` հրաշալի հնարավորություն տալով «Լացիոյին» բարձրանալու աղյուսակի երկրորդ հորիզոնական: Սակայն վերջինս չկարողացավ օգտվել ճակատագրի բարեհաճությունից ու նույնպիսի հաշվով պարտություն կրեց հյուր եկած «Ինտերից»: Հանուն ճշմարտության ասենք, որ հանդիպման 24-րդ րոպեից «Լացիոն» խաղում էր տասը, իսկ 61-րդ րոպեից` ինը հոգով: «Ռոման» ունի 64, «Լացիոն»` 63 միավոր, իսկ առաջնության ավարտին մնացել է չնչին բան` երեք տուր:

ԱՆԳԼԻԱ
Այնպես է ստացվել, որ վերջին ժամանակներս պրեմիեր լիգայում «ասող», հարցեր լուծող է դարձել «Կրիստալ Պալասը»: Բոլորովին վերջերս այն չեմպիոնության «բերեց» «Չելսիին», իսկ այս պարտությամբ (2:1) «Մանչեստր Յունայթեդի» դիմաց լայնորեն բացեց Եվրալիգայի դռները: Ի դեպ, Վան Գալի սաները գործնականում պահպանում են նաև մրցանակային եռյակում հայտնվելու հնարավորությունը, թեպետ դա անելը չափազանց դժվար կլինի:
«Մանչեստր Սիթին» պարզապես անցավ «Քուին Պարկ Ռեյնջերսի» վրայով` 6:0: Հաշվի առնելով, որ ընթացիկ մրցաշրջանում սա «քաղաքաբնակների» վերջին մրցելույթն էր սեփական հարկի տակ, մարզասերին հրաժեշտը տպավորիչ ստացվեց, մանավանդ որ հաղթանակը օգնեց պահպանելու երկրորդ տեղի համար ծավալված ինտրիգը: Խոսքն արդեն «Արսենալինն» է, որը երեկ «Սուոնսիին» հաղթելու դեպքում միավորներով կարող էր հավասարվել մանչեստրցիներին, սակայն չմոռանանք, որ լոնդոնաբնակները մեկ պակաս խաղ են անցկացրել: Ինչ վերաբերում է «Չելսիին», չեմպիոնը «Լիվերպուլի» հետ խաղում բավարարվեց միանգամայն սպասված ոչ-ոքիով` 1:1:

ԳԵՐՄԱՆԻԱ
32-րդ տուրը բունդեսլիգայի վերին հորիզոնականներում գտնվող երեք թիմերի համար բառացիորեն առանցքային նշանակության էր: Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-«Բայեր» դիմակայությունում կողմերից յուրաքանչյուրի հաղթանակը էականորեն կարող էր ազդել մեդալների համար պայքարի վրա, քանի որ նրանց իրարից բաժանում էր ընդամենը մեկ միավոր: Այս կտրվածքով լուծելիք հարցեր ուներ և երկրորդ հորիզոնականում ընթացող «Վոլֆսբուրգը», որի մրցակիցը բունդեսլիգային հրաժեշտ տալու խնդրի առաջ կանգնած «Պադերբոռնն» էր: Գլադբախցիների հաղթական 3:0-ին գերմանական «գայլերը» պատասխանեցին գրեթե նույնական հաշվով, սակայն մի տարբերությամբ` չկարողացան սեփական դարպասը չոր պահել` 3:1: Արդյունքում` արծաթե մեդալների համար պայքարում «Վոլֆսբուրգը» նախկինի պես Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» առաջ է երկու միավորով:
Ինչ վերաբերում է «Աուգսբուրգին» հյուրընկալած «Բավարիային», մյունխենցիները Չեմպիոնների լիգայում «Բարսելոնից» կրած պարտության շոկից կա՛մ դուրս չէին եկել, կա՛մ էլ էներգիան պահպանեցին պատասխան խաղի համար: Ի դեպ, 1:0 հաշվով հաղթանակը «Աուգսբուրգի» առջև բավականին ռեալ բացել է Եվրալիգայում հանդես գալու դռները: Իհարկե, այս հաղթանակն էապես նվազեցրեց նույն այդ Եվրալիգայում հանդես գալու Դորտմունդի «Բորուսիայի» շանսերը, որը տուրում նույնպես հաղթական մրցելույթ է ունեցել` 2:0 հաշվով պարտության մատնելով «Հերտային»: Այստեղ երկու գոլային փոխանցումներն էլ արել է Հենրիխ Մխիթարյանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 841

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ